Posted in Հեռավար ուսուցում, Ուսումնական արձակուրդ, Ուսումնական գրականություն, Ուսումնական նյութեր, Ամառային ճամբար

Ամառային ուսումնական փաթեթ

 

Ընթերցանության ցանկ

Անտուան դը սենտ Էքզյուպերի- «Փոքրիկ Իշխանը»

Աստրիդ Լինդգրեն- «Երկարագուլպա Պիպին»

Մարկ Տվեն- «Թոմ Սոյերի արկածները»,

Դոնալդ Բիսեթ հեքիաթներ

Կարդալուց հետո կատարի՛ր հետևյալ աշխատանքները.

Նշի՛ր գրքի վերնագիրը, հեղինակին:

Փորձի՛ր արտահայտել վերաբերմունքդ՝ հետաքրքիր էր գիրքը, ի՞նչ իմացար, ինչի՞ մասին էր, ովքե՞ր են հերոսները, ի՞նչ սովորեցիր։

Ձայնագրի՛ր քեզ դուր եկած հատվածը:

Դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածները, բառակապակցությունները, բնության պատկերները, հերոսներին բնութագրող և նկարագրող տողերը, նկարի՛ր։

Անծանոթ բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնած ճամփորդության մասին բլոգումդ ներկայացրո՛ւ.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին,
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին,
  • տեսանյութով, ձայնագրությամբ, պատումի, հարցազրույցի տեսքով։

Բակային խաղեր: Առաջարկում եմ նկարահանել այն խաղերը (գոնե մեկը), որոնք բակում խաղում եք ընկերների հետ: Տեսագրության հետ միասին ներկայացնում եք նաև խաղի նկարագրությունը՝ ինչպե՞ս են խաղում։

Խնդիրներ 

Առաջարկում եմ տրամաբանական խնդիրների այս փաթեթները, որոնք կարող ես լուծել ընտանիքիդ անդամների հետ։

«Կենգուրու» մաթեմատիկական առաջադրանքներ

Մաթեմատիկա «Քան» ակադեմիա

Մաթեմատիկական խաղեր

Մաթեմատիկական խաղեր

 

«Կենգուրու» մաթեմատիկական առաջադրանքներ

Մաթեմատիկա «Քան» ակադեմիա

Մաթեմատիկական խաղեր

Մաթեմատիկական խաղեր

Մաթեմատիկական խաղեր

Մաթեմատիկական խաղեր

Մաթեմատիկա-3

Մաթեմատիկա

 

Ողջո՛ւյն, ամառ։ Բարի՛ ընթերցում և առողջ և ուրախ ամառ բոլորիս։

 

Posted in Ուսումնական նյութեր

Ուսումնական նյութեր

  1. Հ․ Թումանյան, «Շունն ու կատուն»
  2. Ջ․ Ռոդարի, «Մեծ գյուտարարը
  3. Հովհաննես Թումանյան «Կույրերի կարծիքը»
  4. Հայ ժողովրդական հեքիաթ, «Էշի ձուն»
  5. Հ. Թումանյան, «Թռչունի մտածմունքը»
  6. Հ. Թումանյան, «Ամենից լավ տունը»
  7. Ամառային հարցաշար
  8. Հ. Թումանյան, «Աշուն»
  9. Պ. Կոելիո, «Հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»
  10. Ա. Խնկոյան, Ճպուռն ու մրջյունը
  11. Հ. Թումանյան, «Ծաղիկների երգը»

 

 

 

Posted in Հեռավար ուսուցում, Ուսումնական նյութեր

Հ․ Թումանյան, «Սասունցի Դավիթ»

 

ԱռյուծՄըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թընդում էր նըրա հըռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր
Հազար բերան էր— մի Առյուծ-Մըհեր։

II

  Էսպես, ահավոր առյուծի նըման,

Սասմա սարերում նըստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել են կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,

Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև․․․
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի․․․
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

 III

 Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած,
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր֊հըրեղեն հայտնըվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային

Քու ձենը հասավ աստըծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների՛ արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մըհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
  Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,

Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ֊Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

IV

  Էս դարում Մըսըր անհաղթ ու հըզոր
Մըսրա֊Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,

Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գըլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով

Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
  Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ.
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,

Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք, ասավ Մըսրա թագավոր,
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,

Սըրանից կըգա։

V

  Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ֊ութ տարեկան
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ,— թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։
Ձենով Օհանին ուներ մի չար կին։
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.

— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՜նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր․․․
Հո՜ղեմ գըլուխը․․․ ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ․․․
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի․․․
  Ու հետն սկըսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,

Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում․․․
  Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։

VI

  Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման
  «Է՜յ ջան, սարե՛ր,
  Սասման սարե՜ր․․․»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր

Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից—
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ․․․
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝

Գալիս են հըրես անհամար գազան.
  «Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք․․․»
Մեծեր, երեխեք
  Սըրտաճաք եղած,
  Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
  Հե՛յ ուլատեր, հե՛յ գառնատեր

Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
  Ով մինն ուներ— տասն եմ բերել,
  Ով տասն ուներ— քըսանն արել…
  Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
  Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։

Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,

Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

VII

  Ելավ Օհանը, Դավթի մոտ գընաց.
— Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց,
Ուլեր կըփախչեն։— Մին էլ էնտեղից

Մի բոզ նապաստակ, ականջնեըը ցից,
Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։
Դավիթն էր. ելավ, ետևից ընկած
Էն սարը քըշեց, ետ բերավ էս ձոր,
Բերավ, ուլերին խառնեց նորից նոր։
— Օ՜ֆ, ի՜նչ դըժար է, հորեղբայր Օհան
Աստված օխնել է էն սև-սև ուլեր,
Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան,
Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր
Էնքան եմ երեկ վազել, չարչարվե՜լ,

Մինչև հավաքել ու տուն եմ բերե՜լ…
  Նայեց Օհանը, որ Դավթի հագին
Ոտնաման չի էլ մընացել կարգին,
Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել,
Մի օրվա միջում էնքան է վազել։
— Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես,
Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ.
Էգուց նախիրը կըտանես արոտ։
  Ասավ Օհանը ու մյուս առավոտ
Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի

Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ հարյուր լըդրական
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան։

VIII

  Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման։
  «Է՜յ ջան, սարե՛ր,
  Սասման սարե՜ր,
  Ի՜նչ անուշ է
  Ձեր լանջն ի վեր…»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր

Դըղրդոց-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր։
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթն էր. ընկավ նրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Գել, ինձ, առյուծ, արջ ու վագըր բըռնեց,
Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց
Ու առաջն արավ դեպ Սասմա քաղաք։
Ոռնո՜ց, մըռընչյո՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՜նչ տեսան,

Հենց քաղքի վըրա անհամար գազան…
  «Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք…»
  Մեծեր, երեխեք
  Սըրտաճաք եղած,
  Գործները թողած
Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ,
Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս քաղքըցիք ի՜նչ վաղ են քընում։
  Հե՛յ կովատեր, հե՜յ գոմշատեր,

Ելե՛ք, շուտով բացեք դըռներ,
  Ով մինն ուներ— տասն եմ բերել,
  Ով տասն ուներ— քըսանն արել։
  Շուտով ելե՜ք, եկե՜ք, տարե՜ք,
  Ձեր եզն ու կով գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի, մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,

Գընացին Ձենով Օհանին ասին.
— Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր,
Մեր եզն ու մեր կով թող մընան անտեր,
Միայն սրանից ազատ արա մեզ։
Ոչ արջն է ջոկում, ոչ գոմեշն ու եզ,
Մի օր էս քաղքին փորձանք կըբերի,
Արջերոց կանի, կըտա կավերի։

IX

  Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝

Գընա, որս անի սարերի վըրեն։
Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,
Հեռացավ Սասմա քաղքի սահմանից
Ու դառավ որսկան։ Գնաց, մի կորկում
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն
Մեկնըվում, քընում կըրակի կողքին։
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ,

Պառավը վըրեն սաստիկ բարկացավ.
— Վա՜յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին—
Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։
Թե որսկան ես դու― նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,

Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
Կարո՞ղ ես— գընա, էնտեղ որս արա։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի…
— Գընա՛, հորեղբայրդ—Օհանը կասի։

X

  Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։
— Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝

Իմ հերը որսի սար է ունեցել,
Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար.
Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։
— Վա՜յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր,
Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր։
Էն սարը, որդի՛, գընաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գընաց էն սարից,
Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար։
Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,
(Է՜յ գիդի օրեր—ո՜րտեղ եք կորել),

Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել…
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարավ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց…
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գըրած։
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա…
— Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ…

Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա,
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա…
Վեր կաց, հորեղբա՛յր, նետ֊աղեղդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։
  Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,
Բուրգերը արած գետնին հավասար…

XI

Գիշերը հասավ, մընացին էնտեղ։

Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ
Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց.
Դավիթը մընաց մըտքի ծովն ընկած։
Մին էլ նկատեց, որ մութը հեռվում
Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում։
Էն լուսը բըռնած՝
Վեր կացավ, գընաց,
Գընաց ու գընա՜ց, բարձրացավ մի սար,
Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,

Ու միջից վառված
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա-քուլա՜,
Բարձրանում, իջնում ետ քարի վըրա։
Վար իջավ Դավիթ էնտեղից կըրկին,
Վար իջավ, կանչեց Ձենով Օհանին.
— Ե՛լ, հորեղբա՛յր, քանի՞ քընես,
Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես։
Լուս է իջել բարձըր սարին,
Բարձըր սարին, մարմար քարին։
Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից.

Էն ի՞նչ լուս է բըխում քարից։
  Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին,
 — Է՛յ, որդի՛, ասավ, մեռնեմ իր լուսին,
Էն մեր Մարութա սարն է զորավոր։
Էն լուսի տեղը կանգնած էր մի օր
Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան։
Մըշտական, երբ որ կըռիվ էր գընում,
Էնտեղ էր քու հերն իր աղոթքն անում։
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,

Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում,
Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում…

XII

  Դավիթը էս էլ երբ որ իմացավ,
— Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր, ասավ,
Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։
Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,

Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ.
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանքը շինեն։
  Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին,
Առաջվան կարգով, փառքով փառավոր
Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։
Ցըրված միաբանք ետ նորից եկան,

Նորից թընդացին աղոթք, շարական
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից։

XIII

Համբավը տարան Մըսրա Մելիքին.
— Հապա՜ չես ասիլ՝ Դավիթը կըրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել,
Դու օխտը տարվան խարջը չես առել։
  Մելիք զայրացավ.
  — Գընացե՛ք, ասավ,
  Բադին, Կոզբադին,

Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք։
Քառսուն կույս աղջիկ բերեք արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսունն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Իմ տանն ու դըռան ղարավաշ դառնան։
Ու Կոզբադին առավ զորքեր.
— Գըլխի՛ս վըրա, ասավ, իմ տեր.
Գընամ հիմի քանդեմ Սասուն,

Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով դեղին ոսկի,
Տեղը ջընջեմ հայոց ազգի։
Ասավ, Մըսրա աղջիկ ու կին
Պար բըռնեցին ու երգեցին.
— Մեր Կոզբադին գընաց Սասուն,
Կանայք բերի քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի բերի,
Մեր ճակատին շարան շարի,
Կարմիր կովեր բերի կըթան՝

Գարնան շինենք եղ ու չորթան։
Ջա՛ն Կոզբադին, քաջ Կոզբադին,
Սասմա Դավթին զարկեց գետին։
  Ու Կոզբադին փըքված, ուռած,
— Շնորհակալ եմ, քույրե՛ր, գոռաց,
Մինչև գալըս դեռ համբերեք,
Էն ժամանակ պիտի պարեք…

XIV

  Էսպես երգով,
  Զոռով-զորքով
Գոռ Կոզբադին մըտավ Սասուն.

Օհան լըսեց՝ կապվեց լեզուն։
  Աղ ու հացով,
  Լաց ու թացով
  Առաջն ելավ,
  Խընդիրք արավ.
— Ինչ որ կուզես՝ առ, տա՛ր, ամա՛ն.
Վարդ աղջիկներ, կանայք Սասման,
Դառր դադած դեղին ոսկին,
Միայն թե գըթա մեր խեղճ ազգին,
Մի՛ կոտորիր, մի՛ տար մահու,

Վերև՝ աստված, ներքևը՝ դու…
  Ասավ, բերավ շարան-շարան
Վարդ աղջիկներ, կանայք Սասման։
Ու Կոզբադին կանգնեց, ջոկեց,
Մարագն արավ, դուռը փակեց,
Քառսուն կույս աղջիկ, սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։
Դեզ-դեզ կիտեց դեղին ոսկին.

Սև սուգ կալավ հայոց ազգին։

XV

  Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան,
Քարը պատըռվի— դո՛ւրս արի մեյդան։
  Քանդած հոր վանքը որ շինեց նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից,
Ժանգոտած, անկոթ մի շեղբիկ գըտավ,
Գընաց՝ պառավի շաղգամը մըտավ։
Պառավն էր. եկավ՝ անե՜ծք, աղաղա՜կ.
— Վա՜յ, խելա՛ռ Դավիթ, շաղգամի տեղակ
Դու կըրակ ուտես, ցավ ուտես, ասավ,

Քու աչքն աշխարքում մենակ ի՞նձ տեսավ.
Կորեկըս արիր գետնին հավասար,
Էս էր մընացել ձըմեռվան պաշար,
Էս էլ կըտրում ես,
Էլ ո՞նց ապրեմ ես։
Թե կըտրիճ ես դու, աղեղդ ա՛ռ գընա՛,
Քու հոր աշխարքին տիրություն արա՛,
Քու հոր գանձը կե՛ր,
Թողել ես անտեր,
Մըսրա թագավոր ղըրկել է՝ տանի։

— Էլ ի՞նչ ես վըրես բարկանում, նանի՛,
Էդ ի՞նչ ես ասում, ես չեմ հասկանում,
Մըսրա թագավոր մեր ի՞նչն է տանում։
— Մըսրա թագավոր մեր ի՜նչն է տանում…
Մրսրա թագավոր քու աչքն է հանում,
Դանդալոշ Դավիթ, ղըրկել է հըրեն,
Եկել են Սասմա քաղաքի վըրեն
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Թալան են տալի բովանդակ Սասում.

Քառսուն բեռ ոսկի խարաջ են ուզում,
Քառսուն կույս աղջիկ սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ցույց տուր մի տեսնեմ— ո՞րտեղ են ուզում։
— Ո՜րտեղ են ուզո՜ւմ… Մահըս տանի քե՜զ.
Դո՛ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս…
Եկել ես՝ էստեղ շաղգամ ես լափում…

Ոսկին Կոզբադին ձեր տանն է չափում,
Աղջիկներ փըլեկ մարագն են լըցրած։
  Շաղգամը թողեց Դավիթ ու գընաց։
Տեսավ՝ Կոզբադին իրենց տան միջին,
Չափում է ոսկին թեղած առաջին,
Սյուդին, Չարխադին պարկերն են բըռնել,
Ձենով Օհանն էլ շըլինքը ծըռել,
Կանգնել է հեռու, ձեռները ծոցին։
Տեսավ, աչքերը արնով լըցվեցին։
— Վե՛ր կաց, Կոզբադին, հեռո՛ւ կանգնիր դու,

Իմ հոր ոսկին է— ես եմ չափելու։
— Կոզբադին ասավ.— Է՜յ, Ձենով Օհան,
Կըտաս― տո՛ւր խարջը էս օխտը տարվան,
Թե չէ՝ կըգնամ, միրուքըս վըկա,
Մըսրա-Մելիքին կըպատմեմ, կըգա,
Ձեր Սասմա երկիր քար ու քանդ կանի,
Տեղը կըվարի, բոստան կըցանի։
— Կորե՛ք, անզգամ դուք Մըսրա շըներ,
Բա չե՞ք իմացել դուք Սասմա ծըռեր…
Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շըվաք,

Կուզեք մեր երկիր դընեք խարջի տա՜կ…
  Բարկացավ Դավիթ, չափը շըպըրտեց,
Տըվավ Կողբադնի գըլուխը ջարդեց,
Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց,
Մինչև օրս Էլ դեռ գընում Է թըռած։
Ու ելան՝ թափած ոսկին թողեցին,
Հայոց աշխարքից փախան գընացին
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին։

XVI

— Վա՜յ, վա՜յ, հորեղբա՛յր, ի՜նչ ասեմ ես քեզ

Մենք ունենք էստեղ դեղին ոսկու դեզ,
Դու արել ես ինձ քաղաքի ծառան,
Դու թողել ես ինձ օտարի դըռան…
  Հորեղբայրն ասավ.— Ա՛յ խենթ, խելագար,
Ոսկին պահել եմ Մելիքի համար,
Որ քաղցըր լինի աչքը մեզ վըրա։
Չըտըվիր, հիմի որ զորք առնի՝ գա,
Սասմա քար ու հող հեղեղի, տանի,
Ո՞վ դեմը կերթա, ո՞վ կըռիվ կանի։
— Դու կա՛ց, հորեղբա՛յր, թող գա, ե՛ս կերթամ,

Կերթամ, ես նըրան պատասխան կըտամ։
  Ու մութ մարագի դըռանը զարկեց,
Փակած աղջիկներ հանեց, արձակեց։
— Գընացե՛ք, ասավ, ազատ ապրեցե՛ք,
Սասունցի Դավթին արև խընդրեցեք։

XVII

  Էսպես ջարդված, արյունլըվա
Փախան, ընկան հողը Մըսրա
Բադին, Կոզբադին
Սյուդին, Չարխադին։
Մըսրա կանայք հեռվից տեսան,

Հեռվից տեսան, ուրախացան
Ու ծափ տըվին կըտերներին.
— Եկա՜ն, եկա՜ն, բերի՜ն, բերի՜ն…
Մեր Կոզբադին գնաց Սասուն,
Կանայք բերավ քառսուն-քառսուն,
Կարմիր կովեր բերավ կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան…
Հենց մոտեցան, նըկատեցին,
Ծափ ու խընդում ընդհատեցին,
Քըրքըջացին

Ու կանչեցին.
— Է՜յ, Կոզբադին մեծաբերան,
Էդ ո՞րտեղից լերան-լերան,
Լերան-լերան կըգաս փախած,
Հաստ գըլուխըդ կիսից ճըղած։
Էն դո՞ւ չասիր՝ գընամ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի հանեմ,
Հայոց երկիր ավեր անեմ։
Գացիր Սասուն քանց գել գազան,

Ետ ես գալի քանց շուն վազան…
  Ու Կոզբադին խիստ բարկացավ.
— Սո՛ւս կացեք դուք, լըրբե՛ր, ասավ.
Ձեր մարդիկն եք տեսել դուք դեռ,
Դուք չեք տեսել Սասմա ծըռեր։
Սասմա ծըռեր լերան-լերան,
Նետեր ունեն մի-մի գերան.
Սասմա երկիր քար ու կապան,
Դըժար սարեր, ձոր ու ծապան.
Նըրանց խոտեր—ինչպես կեռ թուր,

Զորք ջարդեցին երեք հարյուր…
  Ասավ ու էլ չառավ դադար,
Վըռազ-վըռազ, գըլխապատառ
Վազեց իրեն թագավորին։
Խընդաց թագվորն իր աթոռին։
— Ապրե՛ս, ապրե՛ս, քաջ Կոզբադին,
Արժե՝ կախեմ ես քու ճըտին
Մեր ղուզղունի մեծ նըշանը—
Պարգև քու մեծ հաղթությանը։
Ո՞ւր են, հապա առաջըս բեր

Սասմա ոսկին ու աղջիկներ։
   Ասավ Մելիք, ու Կոզբադին
Գըլուխ տըվավ մինչև գետին,
— Ապրա՜ծ կենաս, մեծ թագավոր,
Զոռով փախա ես ձիավոր,
Ո՞նց բերեի Սասմա ոսկին։
Մի խենթ ծընվեց հայոց ազգին,
Ոչ ահ գիտի, ոչ տեր ու մեծ,
Գըլուխս էսպես տըվավ ջարդեց.
«Չե՛մ տալ, ասավ, իմ հոր ոսկին,

Չեմ տալ կանայքն իմ հայ ազգին,
Սասմա երկիր ձեզ տեղ չըկա․․․
Քու թագավոր, ասավ, թո՛ղ գա,
Թող գա՝ ինձ հետ կըռիվ անի,
Թե ղոչաղ է՝ զոռով տանի»։
   Կատաղեց, փըրփրեց Մըսրա թագավոր.
— Կանչեցե՜ք, ասավ, իմ զորքը բոլոր.
Հազար հազար մարդ նորելուկ մանուկ,
Հազար հազար մարդ անբեղ, անմորուք,
Հազար հազար մարդ բեղը նոր ծըլած,

Հազար հազար մարդ նոր թախտից ելած,
Հազար հազար մարդ թուխ միրուքավոր,
Հազար հազար մարդ սիպտակ ալևոր,
Հազար հազար մարդ, որ փողեր հընչեն,
Հազար հազար մարդ, որ թըմբուկ զարկեն…
Կանչեցե՜ք, թող գան, հագնեն զե՜նք, զըրա՜հ,
Կըռիվ տի գընամ ես Դավթի վըրա,
Սասունն ավերեմ,
Հեղեղեմ, բերեմ։

XVIII

Էսպես անհամար զորքեր հավաքեց,

Եկավ Սասմա դաշտ, բանակը զարկեց
Ու ծանըր նըստեց Մըսրա թագավոր։
Էսքան ահագին բազմությունն էն օր
Բաթմանա ջըրին եկավ ու չոքեց,
Ով եկավ, խըմեց—գետը ցամաքեց,
Սասմա քաղաքում մընացին ծարավ։
Ձենով Օհանին զարմանքը տարավ։
Քուրքը ուսն առավ, սարը բարձրացավ.
Սարը բարձրացավ, տեսավ, ի՜նչ տեսավ։
Ճերմակ վըրանից դաշտը ճերմակել,

Ասես՝ էն գիշեր ձըմեռը եկել,
Սպիտակ ձյունով պատել էր Սասուն։
Լեղին ջուր կտրեց, կապ ընկավ լեզուն,
Հարա՜յ կանչելով՝ փախավ տուն ընկավ.
— Վա՜յ, փախե՜ք, եկա՜վ… հա՜յ, հարա՜յ, եկավ…
— Ի՞նչը, հորեղբա՛յր, ի՞նչը, ի՛՛նչն եկավ…
— Ցավն ու կըրա՜կը Դավթի պինչն եկավ։
Մըսրա թագավոր ելել է, եկել,
Եկել, մեր դաշտին բանակ է զարկել.
Թիվ կա աստղերին, թիվ չկա զորքին…

Վա՜յ մեր արևին, վա՜յ մեր աշխարքին…
Ե՜կ, ոսկին տանենք, աղջիկներ տանենք,
Չոքենք առաջին, պաղատանք անենք,
Գուցե թե գըթա,
Մեզ սըրի չըտա…
— Դու կա՛ց, հորեղբայր, դու դարդ մի՛ անիր.
Գընա՛, քու օդում դու հանգիստ քընիր.
Հիմի ես կելնեմ, Սասմա դաշտ կերթամ,
Մըսրա-Մելիքին պատասխան կըտամ։
   Ու գընաց Դավիթ ծանոթ պառավին.

— Նանի ջա՛ն, ասավ, ժանգոտած ու հին
Երկաթի կըտոր, անթարոց, շամփուր,
Ինչ ունես չունես, հավաքի՛ր, ինձ տուր,
Մի էշ էլ գըտիր, որ վըրեն նըստեմ,
Կըռիվ տի գընամ Մըսրա զորքի դեմ։
— Վա՜յ, Դավի՛թ, ասավ, մահս տանի քեզ.
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս…
Քու հերն ուներ կըռվի համար
Հըրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն, գուռզը պողպատ,

Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Դու եկել ես, ա՛յ խենթ ու ծուռ,
Ինձնից կուզես Էշ ու շամփո՜ւր…
— Ամա՛ն, նանի՛, չեմ լըսել դեռ։
Ո՜ւր են հիմի իմ հոր զենքեր։
— Հոբեղբորըդ գընա հարցուր.
Ո՞ւր են, ասա, հանի՛ր, բեր, տուր։
Բան Է, թե որ չըտա սիրով,

Աչքը հանիր՝ խըլիր զոռով։

XIX

   Դավիթ գընաց հորեղբոր մոտ.
— Է՜յ հորեղբայր, կանչեց հերսոտ,
Իմ հերն ուներ կըռվի համար
Հըրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն, գուռզը պողպատ,
Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Կըտաս— բեր տուր…

— Վա՜յ, Դավիթ ջա՜ն,
Ահից գոռաց Ձենով Օհան.
Քու հոր մահվան տարուց—օրից
Դուրս չեմ հանել ձին ախոռից,
Ոչ սընդուկից Թուր-Կայծակին,
Զըրահ շապիկ, ոսկի գոտին…
Ինձ թող, ամա՜ն, մի՛ սպանիր,
Կուզես— հըրեն, գընա հանի՛ր։

XX

   Հագավ Դավիթ զենքն ու զըրահ,
Կապեց գոտին, Թուր-Կեծակին,

Խաչն էլ իր հաղթ բազկի վըրա,
Ելավ, հեծավ Առյուծ հոր ձին,
Հոր ձին հեծավ ու մըտրակեց.
Ձենով Օհան լալով երգեց.
— Ափսո՜ս, հազա՜ր ափսոս հըրեղեն մեր ձին,
   Ա՜խ, հըրեղեն մեր ձին.
Ափսո՜ս, հազա՜ր ափսոս մեր ոսկի գոտին,
   Ա՜խ, մեր ոսկի գոտին,
Ափսո՜ս, թանկ կապեն, որ հագին տարավ,
   Ա՜խ, որ հագին տարավ․․․

Դավիթ բարկացավ,
   Ձին քշեց, դարձավ,
   Օհանը վախեց,
   Իր երգը փոխեց.
«Ափսո՜ս, նորելուկ Դավիթըս կորավ.
Ա՜խ, Դավիթըս կորավ»։

   Էս որ իմացավ,
Դավիթ մեղմացավ,
Իջավ, Օհանի ձեռքը համբուրեց։
Ձենով Օհանն էլ, ինչպես հայր ու մեծ,

Օրհնեց, խըրատեց նըրան հայրաբար,
Դեպի Սասմա դաշտ դըրավ ճանապարհ։

XXI

Սասունցի Դավթին ուներ մի քեռի,
Անունը Թորոս, ահեղ աժդահա։
Սա էլ իմացավ համբավը կըռվի,
Մի բարդի ուսին գալիս է ահա։
Գալիս է՝ հեռվից բարձըր գոռալով.
— Ի՜նչ եք վեր եկել էս դաշտի միջում,
Քանի գըլխանի մարդիկ եք կամ ո՞վ,
Սասունցի Դավթին որ չեք ճանաչում…

Բա չե՞ք իմանում, որ էստեղ է նա
Գալու՝ խաղացնի իր ձին թևավոր.
Չըքվեցե՜ք, հիմի ուր որ է՝ կըգա,
Եկել եմ սըրբեմ մեյդանը էսօր։

   Ասավ ու քաշեց իր ուսի բարդին,
Սըրբեց բանակից մի քըսան վըրան…
Դավիթն էլ ահա սարի գագաթին
Կանգնած՝ գոռում է վիշապի նըման.

— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,

Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք
Զե՛նք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՛ք, հեծե՜ք.
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց…

   Էսպես կանչեց, ասպանդակեց,
Ու, ինչ ամպից կայծակ զարկի,
Մըսրա զորքի մեջտեղ զարկեց,
Շողացնելով Թուր-Կայծակին։

   Ջարդեց, փըշրեց մինչև կեսօր.

Կեսօր արինն ելավ հեղեղ,
Քըշեց, տարավ հազարավոր
Մարդ ու դիակ ողջ միատեղ։

   Կար զորքի մեջ մի ալևոր,
Աշխարք տեսած ու բանագետ.
— Տըղե՛րք, ասավ, ճամփա տըվեք,
Գընամ խոսեմ ես Դավթի հետ։

   Գընաց՝ կանգնեց Դավթի առաջ,
Էսպես խոսեց էն ծերունին.
— Դալար կենա՛, կուռրդ, ո՛վ քաջ,

Սուրըդ կըտրուկ միշտ քու ձեռին։
Մի ծերունուս խոսքին մըտիկ,
Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում։
Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ,
Հե՞ր ես սըրանց դու կոտորում։

   Ամեն մինը մի մոր որդի,
Ամեն մինը մի տան ճըրագ,
Որը կինն է թողել էնտեղ
Աչքը ճամփին, խեղճ ու կըրակ,

   Որը մի տուն լիք մանուկներ,

Որը ծընող աղքատ ու ծեր,
Որը լացով, քողն երեսին
Նորապըսակ ջահել հարսին…

   Թագավորը զոռով-թրրով
Հավաքել է, էստեղ բերել։
Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով
Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել։

   Թագավորն է քու թըշնամին,
Կըռիվ ունես– իր հետ արա,
Հե՞ր ես քաշում Թուր-Կայծակին

Էս անճարակ խալխի վըրա։

— Լավ ես ասում դու, ծերունի՛,
Ասավ Դավիթն ալևորին,
Բայց թագավորն ո՞ւր է հիմի,
Որ սև կապեմ նըրա օրին։

   — Մեծ վըրանում քընած է նա,
Է՛ն, որ միջից ծուխը կելնի,
Էն ծուխն էլ հո ծուխ չի որ կա,
Գոլորշին է իր բերանի։

   Ասին դեպի մեծ վըրանը

Ասպանդակեց Դավիթն իր ձին,
Քըշեց, գընաց ու դըռանը
Գոռաց կանգնած արաբներին.

   — Ո՞ւր է, ասավ, ի՞նչ է կորել,
Դուրս կանչեցե՛ք, գա ասպարեզ,
Թե մահ չունի՝ մահ եմ բերել,
Գըրող չունի՝ գըրողն եմ ես…

   — Մելիքն, ասին, քուն է մըտել,
Օխտը օրով պետք է քրնի.
Երեք օրն է դեռ անցկացել,

Չորս օր էլ կա, քունը առնի։

   — Ի՜նչ, բերել է աղքատ ու խեղճ
Խալխին լըցրել ծովն արյունի,
Ինքը մըտել վըրանի մեջ՝
Օխտը օրով հանգիստ քընի …

   Քընել-մընել չեմ հասկանում,
Վե՛ր կացրեք շո՜ւտ, դուրս գա մեյդան,
Էնպես դըրան ես քընացնեմ,
Որ չըզարթնի էլ հավիտյան։

   Ելան՝ մարդիկ ճարահատված

Շամփուր դըրին թեժ կըրակին
Ու զարկեցին խոր մըրափած
Մըսրա-Մելքի բաց կըրնկին։

   — Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիծված լըվի ձեռից,
Խոր մըրռընչաց հըսկան հանդարտ
Ու շուռ եկավ, քընեց նորից։

   Ելան, բերին մեծ գութանի
Խոփը՝ դըրին թեժ կըրակին,
Ու կաս-կարմիր, կեծկըծալի,

Շիկնած տըվին մերկ թիկունքին։
— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիրավ մոծակներից,
Աչքը բացավ հըսկան հանդարտ,
Ուզում էր ետ քընել նորից։

   Տեսավ Դավթին։ Գլուխն ահեղ
Վեր բարձրացրեց մըռընչալով,
Փըչեց վըրեն, որ թըռցընի
Էն աժդըհին մի փըչելով։

   Տեսավ, տեղից ժաժ չի գալի,

Զարմանքն ու ահ պատեց հոգին։
Արնոտ աչքերն ըսպառնալի
Հառեց խոժոռ Դավթի աչքին։

   Նայեց թե չէ, զգաց՝ իր մեջ
Տասը գոմշի ուժ պակասեց։
Պառկած տեղից վրա նստեց
Ու ժպտալով հետը խոսեց.

   — Բարով, Դավի՛թ, հոգնած ես դեռ,
Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին,
Հետո դարձյալ կըռիվ կանենք,

Եթե կըռիվ կուզես կըրկին…

   Իր վըրանում բըռնակալը
Քառսուն գազ խոր հոր էր փորել,
Ցանցով փակել մութ բերանը,
Վըրեն փափուկ խալի փըռել։

   Ում որ հաղթել չէր կարենում,
Շողոմելով կանչում էր նա,
Նըստեցնում էր իր վըրանում
Էն կորստյան հորի վըրա։

   Իջավ Դավիթ ձիուցը ցած,

Գընաց նըստեց… ընկավ հորը.
— Հա՛, հա՛, հա՛, հա՛, քահ-քահ խընդաց
Մըսրա դաժան թագավորը։

— Դե, թող հիմի գընա՝ խավար
Հորում փըթի, էնքան մընա։
Ու ահագին մի ջաղացքար
Բերավ, դըրավ հորի վըրա։

XXII

   Քընեց էն գիշեր Ձենով Օհանը։
Գիշերն երազում երևաց ծերին՝
Մըսրա երկընքում արև ճառագած,

Սև ամպ էր պատել Սասմա սարերին։

   Սաստիկ վախեցած վեր թըռավ տեղից։
— Վա՛յ, կընի՛կ, ասավ, մի ճըրագ արա՛,
Գընա՜ց մեր անփորձ Դավիթը ձեռից,
Սև ամպ էր իջել Սասունի վըրա։

   — Հողե՜մ գըլուխդ, ասավ կընիկը,
Ո՜վ գիտի՝ Դավիթն ո՛ւր է քեֆ անում…
Դու էլ քեզ համար քու տանը ընկած՝
Ուրիշի համար երազ ես տեսնում։

   Քընեց Օհանը։ Վերկացավ դարձյալ.

— Կընի՛կ, Դավիթը նեղ տեղն է ընկած.
Մըսրա վառ աստղը շողում էր պայծառ,
Մեր աստղը հիվանդ ցոլքում դալկացած։
 
— Ի՞նչ եղավ քեզ, մա՛րդ, գիշերվան կիսին.
Բարկացավ վըրեն կընիկն աղմուկով։
Խաչ քաշեց էլ ետ Օհանն երեսին,
Շուռ եկավ, քընեց խըռոված հոգով։

   Մի ուրիշ պատկեր ավելի ահեղ.
Տեսավ երկընքի բարձըր կամարում
Վառվում էր Մըսրա աստղը փառահեղ,

Սասմա աստղիկը սուզվեց խավարում։

   Զարթնեց վախեցած։— Տունդ քանդվի, կի՜ն։
Ես ո՜նց լըսեցի քու էդ կարճ խելքին.
Կորավ մեն-մենակ մեր ջահելն անտեր.
Վե՛ր կաց, շո՛ւտ արա, զենքերըս մի բե՛ր…

XXIII

   Ելավ Օհան, գոմը մըտավ,
Զարկեց ճերմակ ձիու մեջքին.
— Է՜յ, ճերմակ ձի, մինչ ե՞րբ, ասավ,
Կըհասցընես Դավթի կըռվին։

«Մինչև լուսը կըհասցընեմ»,

Ու ձին տըվավ փորը գետին.
— Մեջքըդ կոտրի՛, լուսն ի՞նչ անեմ.
Լաշին հասնեմ ես թե՞ նաշին։

   Կարմիր ձիու մեջքին զարկեց.
Սա էլ երետ փորը գետին.
— Ջա՛ն կարմիր ձի, մինչ ե՞րբ դու ինձ
Կըհասցընես Դավթի կըռվին։

   «Մի ժամի մեջ, կարմիրն ասավ,
Կըհասցընեմ Դավթի կըռվին»։
— Լեղի դառնա, սև մահ ու ցավ,

Ինչ տըվել եմ քեզ՝ էն գարին։

   Հերթը եկավ սևին հասավ.
Գետին չերետ փորը սև ձին։
— Է՜յ, ջան Սևուկ, մինչ ե՞րբ, ասավ,
Կըհասցընես Դավթի կըռվին։

   «Եթե ամուր մեջքիս մընաս,
Ոտըդ դընես ասպանդակին,
Մինչև մեկել ոտըդ շուռ տաս,
Կըհասցընեմ», ասավ սև ձին։

XXIV

   Սև ձին քաշեց Ձենով Օհան,

Ձախը դըրավ ասպանդակին,
Աջն էլ մինչև շուռ տար վըրան,
Կանգնեց Սասմա սարի գըլխին։
   
   Տեսավ՝ Դավթի նըժույգն անտեր
Սարերն ընկած խըրխընջալով,
Ներքև Մըսրա զորքը չոքած,
Ինչպես անծեր ծըփուն մի ծով։

   Օխտը գոմշի կաշի հագավ,
Որ չըպատռի իրեն զոռից,
Կանգնեց Օհան, ամպի նըման

Գոռաց Սասմա սարի ծերից։

   — Հե՜յ-հե՜յ Դավի՜թ, ո՜րտեղ ես դու
Հիշի՜ր Խաչը քո աջ թևի,
Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
Ու դուրս արի լույսն արևի…

   Ձենը գընաց դըմբդըմբալով՝
Դավթի ականջն ընկավ հորում.
— Հա՛-հա՜յ, ասավ, հորեղբայրս է,
Սասմա սարից ինձ է գոռում։

   Ո՜վ Մարութա Աստվածածին,

Ո՜վ անմահ խաչ պատարագի,
Ձե՜զ եմ կանչել,— հասե՜ք Դավթին…
Կանչեց, տեղից ելավ ոտքի,

   Էնպես զարկեց ջաղացքարին՝
Քարը եղավ հազար կըտոր,
Կըտորները երկինք թըռան,
Ու գընում են մինչև էսօր։

   Ելավ հորից, կանգնեց ահեղ,
Սարսափ կալավ դև Մելիքին։
— Դավիթ ախպեր, ե՛կ դեռ էստեղ,

Սեղան նըստե՜նք, խոսենք կարգի՜ն…

   — Էլ չեմ նըստիլ ես քւ հացին,
Դու տըմարդի, վախկոտ ու նենգ.
Շո՛ւտ, զենքըդ առ, հեծիր քու ձին,
Դո՛ւրս եկ մեյդան, կըռիվ անենք։

   — Կըռիվ անենք, ասավ Մելիք,
Իմն է միայն զարկն առաջին։
— Քոնն է, զարկի՛ր, կանչեց Դավիթ,
Գընաց, կեցավ դաշտի միջին։

   Ելավ, կանգնեց Մըսրա-Մելիք,

Իր գուրզն առավ, հեծավ իր ձին,
Քըշեց, գընաց մինչ Դիարբեքիր
Ու էնտեղից եկավ կըրկին։

   Երեք հազար լիդր էր քաշում
Հըսկայական իր մըկունդը.
Եկավ, զարկեց, կորավ փոշում
Ու երերաց երկրի գունդը։

— Երկիր քանդվեց կամ ժաժք եղավ,
Ասին մարդիկ շատ աշխարքում։
— Չէ՛, ասացին, արնի ծարավ

Հըսկաներն են իրար զարկում։

— Մեռավ Դավիթ էս մի զարկից,
Ասավ Մելիք իրեն զորքին։
— Կենդանի՜ եմ, ամպի տակից
Գոռաց Դավիթ Մըսրա-Մելքին։
Հա՛յհա՜յ, մոտիկ տեղից եկա,
Տե՛ս, ո՜րտեղից հիմի կըգամ։
Ու վերկացավ, կանգնեց հըսկան,
Իր ձին հեծավ երկրորդ անգամ։

  

Երկրորդ անդամ քըշեց Հալաբ

Ու բաց թողեց ձին Հալաբից.
Բուք վեր կացավ, տեղ ու տարափ,
Արար աշխարհ դողաց թափից։

   Եկավ, զարկեց զարկի ձենից
Մոտիկ մարդիկ ողջ խըլացան։
— Գընա՜ց Դավիթ Սասմա տանից,
Գուժեց գոռոզ Մըսրա արքան։

   — Կենդանի՜ եմ, կանչեց Դավիթ,
Մին էլ արի՜— հերթն ինձ հասավ։
— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,

Կանչեց Մելիք ու վեր կացավ։

   Երրորդ անգամ հեծավ իր ձին,
Գընաց մինչև հողը Մըսրա,
Ու էնտեղից, գուրզը ձեռին
Քըշեց, եկավ Դավթի վըրա։

   Եկավ, զարկեց բոլոր ուժով,
Ծանըր զարկով հըսկայական,
Փոշին ելավ Սասմա դաշտից,
Բըռնեց երեսն արեգական։

   Երեք գիշեր ու երեք օր

Փոշին կանգնեց ամպի նըման,
Երեք գիշեր ու երեք օր
Բոթը տըվին Դավթի մահվան։

   

Երբ որ անցավ երեք օրը,
Էն ամպի պես կանգնած փոշում
Կանգնեց Դավիթ, ինչպես սարը,
Գըրգուռ սարը մեգմըշուշում։

   Մելի՛ք, ասավ, ո՞ւմն է հերթը։
Սարսափ կալավ գոռ Մելիքին,
Մահվան դողը ընկավ սիրտը

Ու տապ արավ գոռոզ հոգին։

   Գընաց, խորունկ մի հոր փորեց,
Իջավ, մըտավ վիհն էն խավար,
Վըրեն քաշեց քառսուն կաշի
Ու քառասուն ջաղացի քար։

   Մըռընչալով ելավ տեղից
Էն առյուծի առյուծ որդին,
Իր ձին հեծավ ու փոթորկեց,
Խաղաց, շողաց Թուր-Կայծակին։

   Առաջ վազեց մազերն արձակ

Մելքի պառավ մայրը ջադու.
— Դավի՛թ, մազըս ա՛ռ ոտիդ տակ,
Էդ մի զարկը ի՛նձ բաշխիր դու։

   Երկրորդ անգամ թուրը քաշեց
Էս անգամ էլ եկավ քուրը
— Դավի՛թ, եթե կուզես, կանչեց,
Իմ սըրտին զա՛րկ երկրորդ թուրը…

   Վերջին զարկի ժամը հասավ,
Ելավ Դավիթ երրորդ անգամ.
— Էս մի զարկն ու աստված, ասավ,

Էլ մարդ չըգա, պետք է որ տամ։



Ասավ, ելավ ու փոթորկեց,
Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կայծակին։

   Անցավ քառսուն գոմշի կաշին,
Անցավ քառսուն քարերը ցած,
Միջից կըտրեց ժանտ հըրեշին,
Օխտը գազ էլ դենը գընաց։

— Կենդանի՜ եմ, մին էլ արի՜,

Գոռաց Մելիք հորի տակից։
Դավիթ լըսեց, շատ զարմացավ
Իրեն զարկից, Թուր-Կայծակից…

— Մելի՛ք, ասավ, թա՛փ տուր մի քեզ։
Ու թափ տըվավ Մելիքն իրեն,
Միջից եղավ ճիշտ երկու կես,
Մեկն ընկավ դեսն ու մյուսը դեն։

   Էս որ տեսավ Մըսրա բանակ,
Ջուր կըտըրվեց ահ ու վախից։
Դավիթ կանչեց.— Մի՛ վախենաք,

Ակա՛նջ արեք հալա դեռ ինձ։

 Դուք ըռանչպար մարդիկ, ասավ,
Զուրկ ու խավար, քաղցած ու մերկ,
Հազար ու մի կըրակ ու ցավ,
Հազար ու մի հոգսեր ունեք։

   Ի՜նչ եք առել նետ ու աղեղ,
Եկել թափել օտար դաշտեր.
Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ,
Մենք էլ ունենք մանուկ ու ծեր…

   Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ

Հողագործի օր ու կյանքից,
Թե՞ զըզվել եք ձեր հանդ ու դաշտ,
Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից…



   Դարձե՛ք եկած ճանապարհով,
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

   Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին,—
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,

Սասմա Դավիթ, Թուր-Կայծակին։

   Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման…

 

 

Posted in Ուսումնական նյութեր

Ջ. Ռոդարի, «Մեծ գյուտարարը»

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտանբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
_ Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով հեքիաթի հերոսը լա՞վ գիտնական է:
  2. Ի՞նչ պետք է անել լավ գիտնական դառնալու համար:
  3. Կցանկանայի՞ր գիտնական դառնալ:
  4. Եթե լինեիր գիտնական, ապա ի՞նչ հետաքիքիր գյուտ (հայտնագործություն) կամ գյուտեր կանեիր: Պատմի՛ր:
  5. Փոխի՛ր հեքիաթի վերնագիրը:
  6. Հեքիաթը նկարի՛ր Paint ծրագրով: Տեղադրի՛ր քո բլոգում և նշի՛ր «Պատկերասրահ» բաժինը:

 

Posted in Մայրենի, Ուսումնական նյութեր

Ֆլեշմոբի առաջադրանքներ

Հայերենի ֆլեշմոբի առաջադրանքներ

4-5-րդ դասարաններ

1 Տրված բառերին աջից կամ ձախից տառավելացնելով` կազմի՛ր ի՞նչ հարցին պատասխանող բառեր:

Կար, պար, աղ, ունկ, սար, արտ, որթ, ձու, վազ

2 Բառերին աջից կամ ձախից մեկ տառ ավելացնելով ՝ ստացիˊր հայկական բնակավայրերի անուններ:

Ջան, ուշ, կապա, մեղր, պարան, կար

3. Ասացվածքների զույգերը «խառնվել են», վերականգնիˊր:

Ա) Ճարպիկ թռչունը կչկչան կլինի:

Բ) Ածող հավը կտուցից կբռնվի:

 

Ա) Շտապով կրակողը շուտ կհոգնի։

 Բ) Արագ գնացողը ուղիղ չի կրակի:

 

4.Գտիˊր յուրաքանչյուր բառաշարքի «ավելորդ» բառը:

ա) կայծակ, ամպրոպ, որոտ, տերև                              

ա) տարի, շաբաթ, կյանք, օր                                          

գ) մորաքույր, տատիկ, ընտանիք, քույրիկ                    

դ) մուկ, ձուկ, կետ, փոկ                                                    

                                          

5. Թումանյանի ո՞ր հեքիաթն է «թաքնված»  կենդանիների  և թռչունների անուններում:

Սիրամարգուլ, տատրակ, առյուծ, սարյակ, արջ, նապաստակ, ընձուղտ

 7 Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը։

Ճոն, գդակ, ճանկել, կուշտ, ուստա, քուրք

 8 Հովհաննես Թումանյանի ո՞ր ստեղծագործության հերոսներն են։

Գյուղացի, չոբան, շուն, ճանճ, կատու, հովիվ

9 Ո՞ր կեդանու հետ է համեմատվում Մեծ Մհերը Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» ստեղծագործության մեջ։

Ա) արջի

Բ) առյուծի

Գ) վագրի

10 Առաջարկի՛ր «Շունն ու կատուն» ատեղծագործության քո ավարտը։

Posted in Ուսումնական նյութեր, Թումանյանական օրեր

Շունն ու կատուն

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բար’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II
Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III
Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV
Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

1886
Հարցեր և առաջադրանքներ
1․ Նկարագրի՛ր շանը և կատվին։
2․ Մեղադրի՛ր շանը, արդարացրո՛ւ։
3․ Մեղադրի՛ր կատվին, արդարացրո՛ւ։
4․ Փոխի՛ր ստեղծագործության ավարտը։

Posted in Ուսումնական նյութեր

Հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:

Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր աղջկան։

2. Նկարագրի՛ր աղջկան։

3. Ի՞նչ է հրաշքը։

4. Պատմի՛ր հրաշք-մոլորակի մասին։

5. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Posted in Ձմեռային ճամբար, Ուսումնական նյութեր

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ «ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ»

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:
Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, և կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:
Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:
Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:
Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:
Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:
Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:
Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Posted in Ուսումնական նյութեր

Հաց, լավաշ, թոնիր

Հայերը սուրբ են համարել թոնիրը: Գրեթե բոլոր գյուղերում թոնիր շինելիս կանչել են քահանային, որպեսզի օրհնի: Թոնրին առաջին մեծարանքն են մատուցել նորապսակները, դեմքով դեպի արևելք թոնրի առջև ծնկի գալով` ընդունել են նահապետի օրհնանքը: Հայերի սովորությների, հացի, լավաշի, թոնրի մասին  և այլ հետաքրքիր փաստերի մասին  պատմում է փաստագրագետ Լևոն Ղազարյանը:

  • Հնում հայ հոգևորականները սնվել են օրական մեկ անգամ, միևնույն ժամին, աշխարհիկ մարդկանց ընթրիքի կամ ճաշի պահին:
  • Ընտանեկան սեղանների շուրջ նստել են ըստ հասակի, յուրաքանչյուր անդամ իր տեղն ուներ: Արտերկիր մեկնած բացակայողի աթոռը դատարկ են թողել:
  • Հայերն ապրել են խնամքով կառուցված և հարդարված տներում, հագնվել են կոկիկ, օգտվել են առատ և ճոխ ուտեստներից:
  • Աշնանը մառանները լցվել են բարիքներով՝ ձավար, կորկոտ, փոխինդ, տարբեր լոբիներ, սոխ, սխտոր, կաղամբ, գետնախնձոր, շաղգամ, դդում, չորոցրած կանաչեղեն եւ բանջարեղեն (ռեհան, դաղձ, համեմ, ծիթրոն, ավելուկ, պրաս, շրեշ), չորացրած պտուղներ (թութ, չամիչ, ծիրան), ընկուզեղեն (ընկույզ, պնդուկ, ընկույզով ալանի, շարոց), ինչպես նաև յուղ, պանիր, սեր, ապուխտ, երշիկ, տհալ, աղ դրած պանիր, զանազան թթուներ, 5-6 ամսվա համար թխած լավաշ և այլն:
  • Մի շարք գիտնականներ (գերմանացի  Ալեքսանդր  Համբոլդտը և ուրիշներ) ցորենի բուն հայրենիքը համարում են Հայաստանը, որն աշխարհում մրցակից չունի վայրի ցորենի միահատ և երկհատ տեսակների հարստությամբ (մինչեւ 20 տեսակ):Դա են հաստատում Շենգավիթի, Մոխրաբլուրի, Լճաշենի պեղումներից հայտնաբերված աղորիքներն ու թոնիրները, պահեստարաններում  հայտնաբերված հացահատիկային մթերքները: 1948 թ. կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են Արարատյան թագավորության խոշոր աղացած կորեկի ալյուրից թխած ձվաձև, հաստ պատերով, կենտրոնում անցք ունեցող հացի մնացորդներ:
  • Ըստ հայկական հավատալիքի՝ հացահատիկի առաջին արտերը եղել են Մասիսի լանջին, հացահատիկի աստվածուհի Աշորան առաջինն է նկատել դեղնահասկ ցողունները  և մարդկանց սովորեցրել հաց ուտել: Աշորայի անվան հետ են կապված Աշան գյուղի, Արշարունիք (Աշորնիք, Աշարունիք) գավառի անունները: Ցորենի դաշտը կոչվում է աշորա, ըստ  հայկական մի ավանդազրույցի նաև Աշորոյի անվանումից են ծագել Շիրակ և Շարուր դաշտերի անվանումները:
  • Ցորենի մշակմանն անցնելուց հետո, հայերը  նախորդ օրը հունցած խմորից մի փոքր (թթխմոր) խառնել են նորահունց խմորին և թողել են, որ թթվի: Թխելուց առաջ մի փոքր  խմոր են  դրել մի կողմ` հաջորդ օրվա թթխմորի համար:
  • Հայտնի է, որ լոշը (լավաշը), հայերի հիմնական հացը,  գոյություն ունի անհիշելի ժամանակներից: Ըստ Հ. Աճառյանի`  լոշը  (լօշ) բարակ թերթանման հացն է, և «ործածական է  լօշ և լավաշ ձևերով, որոնցից ավելի նախնականն է լաւաշ, ամփոփուած  լաւշ, լոշ»:
  • Արևելքում լավաշի տարածմանը նպաստել է այն հանգամանքը, որ հայերի հացը հաճելի համ ուներ, դյուրամարս էր եւ կարելի էր երկար   պահել:
  • Պարսկերենում  (հիմնականում Թեհրանի բարբառով) լավաշը կոչվում է nuni armani, այսինքն` հայկական հաց: Օգտագործվում է նաև հայկական անվանումը` լավաշ: Քրդերն անվանում են լևաշ, վրացիները` լավաշի (լավաշ հաց), Կազանի թաթարները` լավաշ, ադրբեջանցիները (Կովկասի  թաթարները կամ թուրքերը )` լավաշ և այլն: Թուրքերի և պարսիկների հացը սանգակն է:
  • Բոլոր տեսակի հացերը  թխել են թոնիրներում, որն առաջացել է պարզագույն կրակատեղից: Կերակուր եփելու համար սկզբում կրակն ուղղակի հողե հատակում փորված փոսի կամ էլ կավե կճուճի մեջ են բորբոքել: Վառելիք են ծառայել փայտածուխը, ճյուղերը և աթարը: Կրակի վրա  դրվել է թրծած ուռուցիկ կամ եփելու կճուճը, հետո այս միջոցը կատարելագործվել, հարմարեցվել  է նաև լավաշ թխելուն:
  • Դատարանում հայերը երդվել են լավաշով, քանի որ այն սուրբ է համարվել:Հացով երդվել են այն ենթադրությամբ, որ դրժողը կզրկվի նաև  գլխավոր սննդից` հացից:
  • Հաց թխելիս օգնության են հրավիրել հարևան, մեծ մասամբ ազգական կանանց` փոխադարձ օգնելու պարտավորությամբ կամ գյուղի չքավոր կանանց, որոնք դրա համար վարձատրվել են թխած հացով:
  • Առաջին թխած հացը  տվել են չքավորներին կամ բարեկամներին: Հակառակ դեպքում տանտիրոջ առաջին կինը կմեռներ, և նա այնուհետև մի քանի կին կփոխեր: Հացը գետնին գցելը մեղք է համարվել,  հացը չէր կարելի գլխին դնել` անբերրիություն կառաջանար: Մտածել են, որ Աստծուն հաճելի չէ, որ հացը դանակով կտրվի. թանկություն կընկնի:
  • Թոնրից հանած առաջին հացն  ուղարկվել է այն տունը, որն  հիվանդ ունի: Հացը տեսնելով` հիվանդն ուժ էր առնում ժամ առաջ ապաքինվելու համար:
  • Հայերը ստեղծել են հացի բազմաթիվ տեսակներ` լավաշը, բլիթը (մանրիկ — մանրիկ հաց), գարեհացը, գուկարը, ժենգյալովը,   անեկը (անթթխմոր հաց), բոկեղը, բոքոնը (ուռուցիկ ու հաստ կամ կլոր բլիթանման հաց), դոնը կամ դոնիկը (երկարաձեւ բոքոն հաց), թերունը, թալուկովը (թխում են բուսայուղով, համեմունքներով եւ նռան հատիկներով) զեմպիկը, մատնաքաշը (30 սմ երկարությամբ, մատներով գծեր քաշած հաց), բաղարջը (չթթված խմորից թխած հաց), փուռնիկը (վերեւը կլոր, ներքեւը տափակ, կրակախառն մոխրի վրա թխվող հաց), ալրեփշրիկը (փուռնիկի մեկ այլ տեսակ), բիշին (կտավատի յուղի կամ այլ բուսայուղի  մեջ  եփած թթխմորով հաց), զանգակը, ճաթը (կորեկի կամ եգիպտացորենի հաց), խորիսխ մեղուն (յուղով և մեղրով թխած հաց), կոլոճը, նկանակը (կլոր հաց, բլիթ), նողլը,  կուտհացը, կլիկը (կլոր հաց), կողին, կոկուծը, կորեկհացը, պանը (փափուկ հաց), պաստաճիկը, ճռճռուկովը (թխում են ճռճռուկով, բուսայուղով և համեմունք-ներով) պուռման, տողիկը, բմբոշը, հուսքը, խաշխաշովը, խլրտիկը, կթնահունցը,  մղրահունցը,  պանը, տամպուզը,  բլիթը  (թխվում է   կաթով  մածնով  և  յուղով),  կրկենը   (ջրաղացում` մոխրի վրա եփած հաց), կուտանան (թոնրի մոխրի մեջ ընկած թխված հաց), ճղրտակը, ճաղը (ոլորված եւ հյուսված հաց) ճմուռը (տաք յուղի մեջ բրդած նոր թխած հաց), սաջին կամ իծիմորեն (թխվում է սաջի վրա), յուխան (սաջի վրա թխվող լավաշ), սոմին, շրեշովը (թխվում են բուսայուղով եւ համե մունքներով), շոթը (երկար հաց), եղինջովը, քոմբան (թխվում է  ջրաղացի տաք քարի վրա), ըղըճրովը (երկու կողմը սոխ քսած տաք հաց), քուլիճան, պահոց քուլիճան, պիտեն, բեսմետը, փարայովը, փափուճը, փուռիդը (փռի հաց), տփալոշը (լավաշ թխելուց առաջ թոնրում թխվող հաց), ֆաթիրը (սաջի վրա եփվող կլոր հաց)և այլն:
  • Անտառային շրջանների գյուղերում կլոր հացը կոչվում էր «բոմբ», հին հայերը այն անվանել են «պան»:  Նույնպիսի հացը, բայց ավելի հաստ՝  անվանվել է «շավթ»  կամ «շոթ» , որը  «շոթի» ձևով պահպանվել է վրացիների մոտ:
  • Հայաստանի գյուղերում պահպանվել է աշնանը 4 — 5 ամսվա համար լավաշի պաշար թխելու հինավուրց սովորույթը: Լավաշը չորացնում են, դարսում, ծածկում ու պահում: Փափկությունը վերականգնելու համար չոր լավաշի վրա  ջուր են ցանում,  թրջում, այնուհետև սփռոցով ծածկում ու թողնում  0,5 ժամ:
  • «Հաց »  եզրույթը ունեցել է նաև կերակուր, ճաշ, ընթրիք իմաստներ:
  • Հայերի սիրված կերակուրներից էին խորովածը, խորովուն, տհալը, թանապուրը, կաթնապուրը, կորկոտապուրը, ոսպապուրը, մասրապուրը, սնկապուրը, կոլոլիկը, կոլոլակը, խաշը, քաշկյան, բոզբաշը, հարիսան, չամչարակը, բանջարեղենի հետ եփած եւ կարմրացրած միսը, որ «կյուվեճ»  է կոչվել, խորովուն, փորը լցոնած գառնուկը, ճլպուրը, քրչիկը, խաշիլը, ձավարով և արիշտայով փլավները, խաղողի տերևով, իսկ հետագայում՝ նաև կաղամբով տոլմաները և այլն:
  • Յուրաքանչյուր տան մեջ, բացի հաց թխելու թոնրից, գոյություն ուներ ճաշ եփելու համար նախատեսված օջախ:
  • Հայ կանայք հիանալի թխվածքներ են պատրաստել՝  պյորեկի զանազան տեսակներ, խորիզով և անխորիզ բազմատեսակ գաթաներ, փախլավաներ:
  • Հայերի տներից անպակաս էին ապուխտը, տհալը, աղ դրած  ձուկը, բանջարեղենը, թարմ կարագը, մածունը, կաթնաշոռը:
  • Հայ կանայք  խնայող էին, մեկ ձեռքը «գող» պետք է լիներ, այսինքն «անկյունում» որեւէ բան պետք է պահած ունենար, որ անակնկալ հյուր հայտնվելիս կարողանար նրան պատվել և հյուրասիրել:
  • Օտարության մեջ գտնվող յուրաքանչյուր  հայ  ազգային ավանդությունները պահպանելուց զատ, զանազան կերակուրներ ներմուծելով, նպաստել է  տվյալ երկրի խոհարարական մշակույթի զարգացմանը:

    Աղբյուրը՝ Լուսինե Փաշայանի բլոգ։

Posted in Ուսումնական նյութեր

Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

1. Գտի՛ր հետևյալ բառերին իմաստով մոտ բառեր։

դաշտ

կրկին

2. Բառարանի օգնությամբ ացատրի՛ր հետևյալ բառերը։

նախշուն-

մեգ-

հանդ-

3. Բացատրի՛ր բառակապակցությունների իմաստները։

դեղնած դաշտ-

տխուր հանդ-

4․ Նկարի՛ր կարդացածդ։