Posted in Հոդված

Սեբաստացի տոհմածառից ճյուղավորված․․․․

Յոթամյա Լիլիթը, հայրիկի ձեռքից բռնած, 1989թ. գնաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:  Առաջին տպավորությունն ապշեցուցիչ էր. այնքան երեխա կար բակում….ո՛չ տեղ, ո՛չ դադար…Շուտով երևաց տիար Բլեյանը, և վայրկյաններ անց հեռվում գոյացավ մի մեե՜ծ «երեխայակույտ». բոլորը վազել էին դեպի տիարը՝ առաջինը ողջունելու նրան…
Ես մի քիչ ամաչկոտ էի, համ էլ զարմացած նայում էի․ չէի հասկանում՝ ինչն ինչոց է, բայց երբեք չեմ մոռանա այդ օրվա այդ պահը:
Կրթահամալիրն իր յուրատեսակությամբ  առանձնանում էր դեռ այդ ժամանակներից. այն ուրիշ էր, հեքիաթային, ազատ ու անկաշկանդ…Ակնառու տարբերությունն այլ դպրոցների սովորողներից ազատ հագուստի հնարավորություն ունենալն էր՝ սև-սպիտակով չպայմանավորելով կրթության որակը։ Պատկերացնո՞ւմ եք՝ կարելի էր տնօրենին տեսնել և չսարսափել, չվախենալ, այլ վազել, ողջունել, գրկախառնվել: Սովորողները շատ-շատ էին, ինչպես այսօր։ Կրթահամալիրում սովորելու տարիները շատ հետաքրքիր էին. կազմակերպվում էին թատերական ներկայացումներ, գեղարվեստի ցուցադրություններ, գրաբարի դասընթացներ, միջդասարանական մրցույթներ, տրամաբանական խաղեր, ուսումնական ճամփորդություններ և այլն։ Հիշելու-պատմելու շատ բան կա՝ ամեն օրը, ամեն պահը, յուրաքանչյուր ուսուցչի մասին….

Անցան տարիներ, և դարձա ուսանող՝ ապագա բանասեր՝ առանց լրացուցիչ պարապմունքների ընդունվելով Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետը  անվճար համակարգում։ Ինչ-որ բան էլի շարունակ ձգում էր ինձ դեպի կրթահամալիր․․․․Համալսարանն ավարտելուց հետո ընդունվեցի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ որպես լաբորանտ, ապա՝ կրտսեր գիտաշխատող՝ զբաղվելով բանահավաքչությամբ, բանահյուսության տեքստաբանությամբ, սրբագրման, խմբագրման աշխատանքներով։ Սակայն չդադարեցին փնտրտուքներս, մինչև մի օր որոշեցի մասնակցել կրթահամալիրում իրականացվող վերապատրաստման դասընթացներին։ Մասնակցեցի և ընդունվեցի հարազատ կրթահամալիր՝ արդեն որպես ուսուցիչ։ Ինձ հետ իրենց նորամուտը նշեցին նաև երկու դուստրերս։ Երկար տարիներ շնչելով սեբաստացիական օդը՝ հասկանում ես, որ այն ուրիշ է՝ վարակիչ, արբեցնող։ Այստեղ ինձ զգացի՝ ինչպես տանը, ինչպես երբեք չհեռացած, չօտարացած սեբաստացի։ Հասկացա, որ սա է իմ աշխարհը, որտեղ ցանկանում եմ ստեղծագործել, ինքնակրթվել, ընդարձակվել․․․․  Մի խոսքով՝ բառերով ներկայացնելը շատ քիչ է, նույնիսկ կասեի՝ անհնար․ զգացողությունները փոխանցելն ահավոր դժվար է, փոխարենը պիտի ապրել ու վայելել, անընդհատ զարգանալ, օգտագործել ազատ ու անպարփակ միջավայրում աշխատելու անսահման հնարավորությունները, շարունակ բարձրանա՜լ, բարձրանա՜լ, բարձրանա՜լ․․․․Երեսնամյա  ուրույն պատմութուն կերտած ու կայացած կրթահամալիրն անվերապահորեն ապացուցել է՝ բոլո´ր ժամանակների սեբաստացիներին հատուկ են յուրատեսակ մտածելակերպը, մոբիլ ու ստեղծական կենսաձևը, կենսախինդ բնավորությունն ու տարբերվող հետագիծը։ Հպա՛րտ եմ,  հարո՛ւստ եմ, որ դարձա մեր ընտանիքի առաջին սեբաստացին, ու ինձ հետևեցին երկու քույրերս, եղբայրս։ 2005թ.-ին, ստեղծեցի իմ սեբաստացի ընտանիքը ու երեք երեխաներիս հետ, ես էլ՝ չորս, նոր շունչ ու ոգի ստացած, ոտք դրեցի սիրելի կրթահամալիր՝ որպես մանկավարժ, որպես սեբաստացի մե՜ծ տոհմածառից ճյուղավորված մասնիկ:  Ես հարո˜ւստ եմ, ես բախտավո˜ր․․․․

Տոնդ շնորհավո՜ր….